38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բա մեզ «բմբուլ ու ծառեր» պե՞տք են

Բա մեզ «բմբուլ ու ծառեր» պե՞տք են
11.09.2009 | 00:00

«ԷԼԻՏԱՐ» ԲԱՐՔԵՐ
Ջերմուկը քիչ-քիչ դառնում է աբսուրդների քաղաք: Այնտեղ սկսել են տիրել մայրաքաղաքային բարքեր:
Քաղաքը, ուր այս տարի անց կացվում էր շախմատի միջազգային մրցաշար, քաղաքը, որը զարգացման շատ «լուրջ և անբեկանելի» ծրագրերի իրականացման շեմին է, քաղաքը, ուր բոլոր հայոց պաշտոնյաները, որպես «խարոշիյ տոն», պետք է ունենան գեթ մեկ հանգստյան տուն կամ գոնե էլիտար հյուրանոց, չուներ... թերթի կրպակ:
Ավելի ճիշտ` Աջ ափի թերթի կրպակը վերցրել-տեղափոխել են Ձախ ափ (որը 3-4 կմ հեռու է), իսկ կրպակի տեղում մի քանի տարի առաջ «օբյեկտ» են սարքել, ուր մեկ-երկու տարի սպառման լայն ապրանքների կողքին վաճառվում էին նաև թերթեր:
Բայց քանի որ Ջերմուկն այլևս «այն չէ» և գտնվում է երկրիս ղեկավարների բուռն ուշադրության կենտրոնում, ջերմուկցիներն օրումեջ «վեռտալյոտի» ձեն են լսում ու իրար փոխանցում` Սերժն էլի եկավ, այնտեղ ամեն մի թիզ հողն արդեն ոսկու արժեք ունի (հիշենք, որ 2013-ից հետո Ջերմուկ են տեղափոխվելու նաև կազինոները)։ Եվ ուրեմն, «Հայմամուլը» վերցրել ու վաճառել է կրպակի տարածքը կողքի թեյարանի տիրոջը (սույն «օբյեկտով» հանդերձ)` համարելով, որ Ջերմուկին և այնտեղ հանգստացողներին «բմբուլ», իմա` թերթ պետք չէ, իսկ եթե շատ են ուզում բմբլոտել, թող մեկնեն Ձախ ափ (էն էլ, Աստված գիտի, թերթի կրպակը բաց կլինի, թե ոչ), թերթ գնեն ու իրազեկվեն, ասենք, ինչպես է պայքարում Ջերմուկը մոծակների դեմ` կառավարության հատկացրած 53 հազար դոլարի շրջանակներում:
Ճիշտ է, քաղաքապետարանը վաղուց նոր կրպակի տեղ է հատկացրել Աջ ափում, սակայն ո՛չ կրպակ տվող կա, ո՛չ էլ խնդրով մտահոգ մեկը (հարցը գտնվում է «Պրես ստենդ» ՍՊԸ-ի «իրավասությունների» ներքո, սրանց գլուխն էլ ոնց որ վերջերս «խառն է, ապե, խառը»), ժամանակ չունեն թերթի, կրպակի, իրազեկման նման մանր-մունր խնդիրներով զբաղվելու:
Ճիշտ էլ անում են։ Թերթն ո՞ւմ է պետք. չար-թունավոր բաներ գրում, խաթարում են կյանքի, բիզնեսի, ամեն ինչի էլիտար ռիթմը:
Չնայած սպասումներին, Ջերմուկն այս տարի չդարձավ տուրիստական կենտրոն: Թե՛ շախմատի առաջնությունը, թե՛ վարչապետի հորդորը (հանգստանալ բացառապես Հայաստանում, միայն Հայաստանում և միմիայն Հայաստանում), թե՛ Ջերմուկի ահեղնաբեկ զարգացման հեռանկարը չէին ազդել հայ քաղաքական և գործարար էլիտայի վրա, ու վերջիններս նախընտրել էին Մոնակոն ու Փարիզը, Նիսը` Իտալիայով հանդերձ:
Հատուկենտ ծանոթ դեմքեր կտեսնեիր այնտեղ. արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն էր, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Վիկտոր Դալլաքյանը, Մանվել Բադեյանը և իհարկե... Զարուհի Փոստանջյանը: Վերջինս շատ անհանգիստ էր, ծանոթներից մի գլուխ ֆոտոապարատ ու տեսախցիկ էր պահանջում: Որոշել էր նկարել ըմպելասրահի մերձակայքում կառուցվող հյուրանոցի «պեյզաժը»: Բանն այն է, որ նշված տեղում իսկապես պետք է «բազմաբնակարան» էլիտար հյուրանոց խոյանա:
Իսկ դա նշանակում է, որ կտրվելու էին բավականին թվով ծառեր։ Զարուհին փորձում էր անմահացնել կանգնած մեռնող ծառերի կյանքի վերջին վայրկյանները, որպես իրեղեն ապացույց, և փաստական այդ տվյալները ներկայացնել հայոց բազմաչարչար, բազմաէլիտար իշխանություններին (չար լեզուներն ասում էին, որ հյուրանոցը հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի է պատկանելու, շա՜տ բարձրաստիճան):
Իսկ Ջերմուկի շատ հարգարժան քաղաքապետը «Ժառանգության» անհանգիստ պատգամավորուհուն հավատացրել էր, որ ոչ մի ծառ չի կտրվելու, որովհետև ինչը պետք է կտրվեր, արդեն կտրվել է։ Տարիներ առաջ փորձ էր արվել այդ նույն տեղում, սակայն փոքր շառավղով, եկեղեցի կառուցել (նոր հյուրանոցը կզբաղեցնի մեկ հեկտար հողատարածք` տեղեկացրեց Զարուհին), երջանկահիշատակ Գարեգին Ա-ն եկել, տոնական մթնոլորտում կատարել էր եկեղեցու հիմնարկեքը, հիմքի չորս քարերը տեղակայել-գնացել էր։ Քարերը հաջորդ տարի դուրս եկել հողի տակից, ճերմակ-կարմիր խաչով ասեղնագործված փաթաթաններով որբի նման ընկել էին ոտքի տակ ու անխնա տրորվում էին:
Եկեղեցի չկառուցվեց։ Ասին` տակը ջուր կա, հնարավոր չէ, եկեղեցին կփլվի:
Չէ, հո մենք չե՞նք ասում, թե էն գլխից այլ նպատակ կար: Պարզապես ասում ենք, որ շատ իզուր էր Ջերմուկի հարգարժանագույն քաղաքապետը հավաստիացրել տիկին Զարուհուն, թե` վախիլ մի, ծառ չի կտրվելու:
Շախմատի մրցաշարի ավարտի արդեն հաջորդ օրը Ջերմուկի ամենակենտրոնական այդ մասում հռնդում էր քանդող-կտրող տեխնիկան` էլիտար հյուրանոցի համար նոր հիմքեր և բիզնես-տեսահորիզոններ բացելով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ